Եվս երկու տուր, ու կավարտվեն ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության եվրոպական թևի խմբային հանդիպումները, հայտնի կդառնան Ռուսաստան մեկնող հավաքականները: Տխուր ավանդույթի ուժով մենք այս անգամ էլ չենք լինի նրանց թվում, ու բնավ էլ նշանակություն չունի, որ առաջնությունը հյուրընկալող երկրի համար մենք ստրատեգիական գործընկեր ենք, ինչպես, ամենավերջին միամտի տեղը դրած, փորձում են համառորեն հավատացնել մեզ: Նախ` այդ գործընկերություն ասվածի մեջ ոչ գործին կարելի է լրջորեն հավատալ, ոչ էլ ընկերությանը (էլ չասեմ, հա՞, թե ինչու), երկրորդ՝ չլիներ մունդիալը հյուրընկալող երկիր, Ռուսաստանի հավաքականն առաջնության դռներին մոտ անգամ չէին թողնի երևալ, իսկ այդ երկիրն ինչ՝ ինչ, գոնե մերի համեմատ մրցունակ առաջնություն ունի, թեպետ հավաքականների ձևավորման հարցում մրցունակ առաջնություն ունենալը դեռևս լուրջ փաստարկ չէ:
Ինչևէ:
Նախորդ տուրում Ռումինիայի ընտրանուն զիջելուց հետո (0:1), այս վերջինում՝ Դանիայի հետ մրցակցությունում, արյունաքամ եղանք, թեպետ Ռուսլան Կորյանի շքեղ գոլը հանդիպման ելքի առնչությամբ լավատեսության քիչ հույսեր չներշնչեց: Ավաղ, այն ընդամենը դրվագ եղավ խաղի ողջ հյուսվածքում: 1։4 հաշվով պարտությունը նվաստացուցիչ է հարկավ, բայց դե Հայաստանի ֆուտբոլային ընտրանի կոչված մարզչական համույթին մեղադրելու բան չկա՝ ձեռքի տակ ինչ և ում ունեցել էին, դաշտ էին հանել, ու որ այդքանից հետո բան չի ստացվում, մարդիկ հո չե՞ն կախվելու: Եվ հետո՝ կախվեն, որ ի՞նչ: Եթե այսքան տարիների ընթացքում հայկական ֆուտբոլն այս մակարդակի բերած-հասցրած հայկական ֆուտբոլի թիվ մեկ մարդը նման ազնիվ քայլի դիմելու ցանկություն չի դրսևորում, եվրոպաներից մոլորեցրած-բերած Արթուր Պետրոսյանը, շատ էլ թե թասիբի համար մեռած գյումրեցի, ինչու՞ պիտի ուրիշի կերած բողկերի համար պատասխանատվություն կրի:
Անկեղծ ասած՝ հավաքականի խաղին անդրադառնալու ոչ մի տրամադրություն էլ չունեի, սակայն հակառակին չգիտես որտեղից որտեղ եկավ խառնվեց օտար լեզվով ֆեյսբուք, հայերենով՝ սֆաթագիրք կոչեցյալը, որը տարիներ առաջ գրածիդ անդրադառնալու հիվանդագին խասիաթ ունի՝ ակնկալիքով, որ, հեռու քեզնից, մարդ ես, կարող է կարդաս- ուրախանաս: Հա, ուրեմն, մեր ընտրանու պարտության հաջորդ օրը տպել էին ուղիղ մեկ տարի առաջ գրած «Պարտականության ու պատասխանատվության միջև» հոդվածս, որը հայկական ֆուտբոլում առկա ողբերգական նկարագրից հետո, այնուամենայնիվ, եզրափակվել էր հետևյալ անհուն լավատեսությամբ. «Կգա՞ այդ ժամանակը: Հարկավ կգա, եթե մեր ֆուտբոլային տնտեսությունը հիմնովին բարեփոխվի» այդ տնտեսության գլխին կանգնեն պրոֆեսիոնալներ, ոչ թե ոլորտը կենացի մակարդակով ղեկավարողներ: Իսկ քանի դեռ այդպես չէ, երկրում տիրող ընդհանուր վիճակի պես, որտեղ ջայլամի քաղաքականության կողքին անմնացորդ տիրություն են անում զոռբայությունը, թայֆայաբազությունը, ամենաթողությունն ու հանցագործ անպատասխանատվությունը, մեր ֆուտբոլի վիճակն այսպիսին էլ կլինի»:
Նման բաներ, ժողովուրդ ջան, որոնք ուղղակի ու անուղղակի գալիս են վկայելու մեր երկրում ժամանակի կանգնած լինելու մասին, ու թե այս վիճակը դեռ որքան կտևի, ստույգ իմացող չկա, իսկ եթե մի հրաշք լիներ, ու, ասենք, միջնադարի օրինակով մի նոր Նոստրադամուս մեյդան ընկներ, էդ խեղճը, անկեղծ եմ ասում, իրավիճակի անհուսության պատճառով քարկապ էր ընկնելու:
Ինչ վերաբերում է մեր խմբից «աշխարհ» դուրս եկողներին, բնականաբար լավագույն հնարավորություն ունեցողները Լեհաստանի (2:0 հաշվով ղազախներին հաղթելուց հետո ունեն 19 միավոր), նրան երեք միավորով զիջող Չեռնոգորիայի (նվազագույն հաշվով պարտության է մատնել Ռումինիային) ու Դանիայի ընտրանիներն են: Ինչ վերաբերում է մերոնց, E խմբում առավելագույնը, որ կարող ենք անել, ճարպկել ու ներկա պահի դրությամբ աղյուսակը եզրափակող Ղազախստանի հավաքականից առաջ անցնելն է:
A խումբ
Առաջին եռյակը կազմածներն են 17 միավոր ունեցող Ֆրանսիայի, նրան մեկ միավորով զիջող Շվեդիայի ու Հոլանդիայի ընտրանիները: Իհարկե, խոշոր անակնկալ մատուցեցին ֆրանսիացիները՝ սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, սակայն կարծում ենք, որ մնացած երկու խաղում նրանք այդպիսի հաճույք էլ դժվար թե պարգևեն մրցակիցներին: Շվեդներն արտագնայում չորս անպատասխան գնդակի առավելությամբ ծնկի են բերել բելառուսներին, հոլանդացիները սեփական հարկի տակ կարևոր հաղթանակ են տոնել իրենց շնչին նստած բուլղարացիների նկատմամբ՝ 3:1:
B խումբ
Գործնականում այստեղ լուծված է առաջին երկու տեղով, ասել է թե ուղիղ ճանապարհով առաջնության եզրափակիչ դուրս եկող երկու թիմերի՝ Շվեյցարիայի ու Պորտուգալիայի ընտրանիների հարցը: Առաջինն արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ է հաղթել լատվիացիներին, իսկ Եվրոպայի գործող չեմպիոնները, նույնպես արտագնայում, նվազագույն հաշվով պարտության են մատնել հունգարացիներին: Շվեյցարացիներն ունեն 24, պորտուգալացիները՝ 21 միավոր:
C խումբ
B-ում եղած պատկերն է և C խմբում: Չեխիայի ընտրանուն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթած հյուսիսիռլանդացիները 19 միավորով երկրորդ հորիզոնականում են, ու Ռուսաստանի դռները նրանց առաջ վստահաբար բաց են: Ինչ վերաբերում է աշխարհի գործող չեմպիոններին, նորվեգացիները նրանց համար եղան հեշտ «որսամիս». 6:0 հաշվով պարտությանն այլ որակում տալն անհնար է: Գերմանացիները 24 միավորով գլխավորում են խմբայինը:
D խումբ
Այստեղ 18 միավոր ունեցող Սերբիայի ընտրանուն (արտագնայում նվազագույն հաշվով առավելության է հասել իռլանդացիների նկատմամբ) դժվար թե Ռուսաստան տանող ճանապարհից շեղող լինի: Բաղձալի մյուս մեկ (գուցե և` երկու) ուղեգրերի համար պայքարը շարունակում են 14 միավոր ունեցող ՈՒելսի (հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել մոլդովացիներին) ու նրանից մեկ միավոր պակաս վաստակած Իռլանդիայի հավաքականները:
F խումբ
15 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Սլովակիայի հավաքականի նկատմամբ անգլիացիների տարած կամայական հաղթանակը կտրուկ բարձրացրեց մառախլապատ Ալբիոնը ներկայացնողների շանսերն առաջիկա առաջնության եզրափակչի մասնակից դառնալու հարցում: Համենայն դեպս, անգլիացիների 20 միավորը չի կարող չլինել անցողիկ: 14-ական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են լատվիացիներին 4:0 հաշվով հաղթած սլովենացիներն ու մալթացիներին նույնպես սեփական հարկի տակ պարտության մատնած շոտլանդացիները: F խումբը շարունակում է մնալ ամենաինտրիգայիններից մեկը, ու այն անվիճելիորեն մինչև վերջին վայրկյանը լարվածության մեջ կպահի երկրպագուներին:
G խումբ
Այստեղ իրենց անհոգ գոյությունն են վայելում Իսպանիայի ու Իտալիայի ընտրանիները, որոնց ներկայությունը միանգամից պրոբլեմայինի էր վերածել մնացածի մասնակցությունը խմբայինին: Սակայն որքան դյուրին եղավ իսպանացիների հաղթանակը լիխտենշտայնցիների նկատմամբ (8։0), այնքան իսրայելցիների հետ դիմակայությունում ծանր մրցակցություն ունեցան իտալացիները՝ 1:0: Ի դեպ, իսպանա-իտալական երկյակին եզրափակչում ընկերակցելու վատ շանսեր չի պահպանում 13 միավոր ունեցող Ալբանիայի ընտրանին (մակեդոնացիների հետ արտագնա հանդիպումն ավարտել է 1:1):
H խումբ
Ռուսաստանյան եզրափակչի մասնակցության ուղեգիրը վաղուց է բելգիացիների գրպանում, և խմբայինին մասնակցությունը նրանց համար նույնքան վաղուց ստացել է ձևական բնույթ: Երիտասարդ ու տաղանդաշատ ֆուտբոլիստներից բաղկացած այս ընտրանին հաղթական էր նաև Հունաստանի ընտրանու հետ արտագնա դիմակայությունում՝ 2։1: Երկրորդ ու հավանական երրորդ ուղեգրի համար այստեղ կատաղի մարտեր են մղում միանգամից երեք ընտրանիներ: Ջիբրալթարցիների նկատմամբ 4։0 հաշվով հաղթանակի հասած Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանին 14 միավորով երկրորդ հորիզոնականում է, նրանից մեկ միավորով են հետ մնում հույները: Ի դեպ, վերջիններիս պես 13 միավոր կարող էր ունենալ Կիպրոսի հավաքականը, սակայն արտագնայում այն բավականին անակնկալ զիջեց էստոնացիներին ՝0։1:
I խումբ
Բավականին անորոշ վիճակ է I խմբում, ու դա մեծ մասամբ «շնորհիվ» խորվաթների գործադրած ջանքերի, ովքեր արտագնայում նվազագույն հաշվով զիջեցին ծայրահեղ ծանր վիճակում հայտնված թուրքերին, որոնց, ի դեպ, երբեք չէին պարտվել հյուրընկալվելիս: Խորվաթների այս պարտությունը ավելի քան ժամանակին ու տեղին եղավ սեփական հարկի տակ ուկրաինացիներին 2:0 հաշվով պարտության մատնած իսլանդացիների համար, ովքեր 16 միավորով բաժանում են առաջին հորիզոնականը: Միավորների հավասարություն է նաև թուրքերի ու ուկրաինացիների միջև՝ 14-ական, ու չափազանց դժվար է ասել, թե այս խմբից որ թիմերն են նվաճելու ռուսաստանյան առաջնության եզրափակչի ուղեգրերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ